воскресенье, 17 апреля 2011 г.

Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից է.....


Լոռու մարզպետը զեկուցել է Սերժ Սարգսյանին, բայց...

Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերի բնակիչներն անբարեկարգ ճանապարհների պատճառով համարյա կտրվել են քաղաքից: Ճանապարհն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար:

Գյուղացիները կատակով ասում են, թե Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից էլ։

«Եղել ա ծնունդ ենք ունեցել, չենք կարացել հասցնենք հիվանդանոց»,-ասում է Մարց գյուղի բնակիչ Մամիկոն Աղաջանյանը:

Բորիկ Թամազյանը 40 տարվա վարորդ է ու այսօր տաքսի է քշում: Պատմում է, որ այդ ճանապարհով մեքենան քշելուց հետո ամեն անգամ վարորդները ստիպված են լինում գնալ արհեստավորի մոտ մեքենայի անսարքությունները վերացնելու համար: «Ալավերդու տաքսի շառայությունների ղեկավարները դեպի Մոտկոր տանող ճանապարհներով արգելել են արդեն երթևեկել,քանի որ վնասը առավել մեծ է, քան օգուտը»,-ասում է Բ. Թամրազյանը:

Ի դեպ, վտանգավոր է ոչ միայն անբարեկարգ ճանապարհը, այլ նաև քարաթափումը, հատկապես գարնանը, երբ մերձակա ժայռերից հաճախ են քարաբեկորներ ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածը:

Նշենք նաև, որ Թումանյանի տարածաշրջանում վտանգավորության և դժվարանցանելիության տեսակետից վիճակը նախանձելի չէ նաև Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածում, որն ունի ռազմավարական և կենսական կարևոր նշանակություն:


«Մենք էդ ճանապարհով չենք գնում Ստեփանավան,Վանաձորով գնում ենք, պտտվում, գալիս: Ուղղակի այդ տարածքում գտնվող գյուղացիները ելք չունեն»,-ասում են վարորդները: 

Ըստ մարզպետ Արամ Քոչարյանի` ընդհանուր առմամբ Լոռու մարզում այս տարի 27 ճանապարհաշինական տարբեր ծրագրեր են իրականացվելու:

«Ալավերդի-Մոտկոր, Օձուն–Ստեփանավան ճանապարհահատվածի համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, յուրաքանչյուրը մոտավորապես 1.5 մլրդ դրամի ներդրում է պահանջում»,-նշում է մարզպետը:

«Հանրապետության նախագահը տեղյակ է. ես զեկուցել եմ նրան այդ մասին: Ինձ համար թիվ մեկ խնդիրը Մոտկորի ճանապարհի վերանորոգումն է, երկրորդը` Ստեփանավան–Օձուն հատվածի վերանորոգումը. տեսնենք` պետության ղեկավարը ինչով կաջակցի»,- ասաց մարզպետ Արամ Քոչարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий