четверг, 24 мая 2012 г.

Կաճաճկուտ ամեն տրանսպորտ չի գնում

Կաճաճկուտից Աքորի 7 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում:Այստեղով ամեն տրանսպորտ չի գնում: Գնացողներն էլ կամ վերեւն են մնում կամ ներքեւը, քանի որ մեկ անգամ գյուղ բարձրանալ կամ իջնելը վարորդների վրա թանկ է նստում:Այստեղ միայն ամենագնաց մեքենաների համար է քիչ թե շատ երթեւեկելի:
Ճանապարհները հիմնականում քարուքանդ են եղել սելաֆաջրերի եւ ճանապարհի վերեւի հատվածից թափվող քարերի հետեւանքով:

вторник, 22 мая 2012 г.

13-րորդ դարի խաչքարը չտեղափոխվեց Էջմիածին

Այսօր Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցին հարակից տարածքում գտնվող 13-րդ դարի Ամենափրկիչ անունը կրող բազալտե խաչքարը ուզում էին տեղափոխել էջմիածին` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հայ մոնումենտալ քանդակարվեստի ժառանգության ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

էջմիածին ուզել են տանել նաեւ Ալավերդու Էնգելս թաղամասում ու Շամլուղի Բենդիկ թաղամասում գտնվող խաչքարերը, սակայն բնակիչները ընդդիմացել են այդ նախաձեռնությանը և թույլ չեն տվել դա անել:

Ամենափրկիչ խաչքարի կեսն արդեն վերամբարձ կռունկի օգնությամբ տեղավորել էին զիլ մակնիշի ավտոմեքենայում, երբ եկան քաղաքացիներ, ինչպես նաեւԱլավերդու քաղաքապետը: Ալավերցիների պահանջով խաչքարը տանելու եկած մարդիկ մեքենայից իջեցրին նաեւ առաջին կեսը:

Նշենք, որ խաչքարը քաղաքի բնակիչների համար դարձել է սրբավայր, ուր քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են մոմավառության:

четверг, 17 мая 2012 г.

Անասունները գայլերի բաժին են դառնում

Կաճաճկուտեցիների հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն անասնապահությունն է: Գյուղում մոտ 700 խոշոր եւ մանր եղջերավոր անասուն կա, որոնց օգուտը գյուղացիների խոսքով` ավելի շատ գայլերն են տեսնում: Այս տարվա մեջ գայլերի հարձակման արդեն 10 դեպք է եղել: Օրեր առաջ Վարդգեսի կովի նորածին հորթն է գայլերի բաժին դարձել: Այսօր մեկ հորթը 80 հազար դրամ արժե, այդքան է կազմել գյուղացու վնասը: Վազգեն Թամազյանն ասում է, որ անցած տարի էլ են եղել գայլերի հարձակման դեպքեր, սակայն այս տարի դրանց հաճախականությունն ավելացել է: Օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ գայլերը հարձակվում են անասունների վրա ու հոշոտում նրանց: Մութն ընկնելուց հետո գյուղում տանից դուրս գալը վտանգավոր է դառնում :

Սանահինի վանական համալիրը վտանգված է

Արդեն սկսվել է զբոսաշրջիկների ակտիվ հոսքը դեպի Սանահինի վանական համալիր:Ամեն օր 100-ից ավելի օտարերկրացիներ են գալիս Սանահին,հիանում,զարմանում եւ ափսոսանք հայտնում ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ցանկում գրանցված այս բացառիկ կառույցի օր օրի ավելի աղետալի վիճակում հայտնվելու համար: Եկեղեցու մոմավաճառն ասում է,որ ամեն օր եկեղեցում թափված քարեր է տեսնում,եւ փառք տալիս տիրոջը,որ քարերն ընկնելու ժամանակ այդտեղ մարդիկ չեն եղել: Մանավանդ անձրեւներից հետո եկեղեցում մնալն առավել վտանգավոր է դառնում.քարերը թուլանում են եւ պոկվում:
Սանահինի եկեղեցի զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի բոլոր անկյուններից: Նրանց մեջ մեծամասնություն են կազմում տարեցները:Թեքված պատի,տանիքին աճած ծառերի ու թփերի առկայությունը զարմացնում է ամեն օր եկեղեցի այցելող զբոսաշրջիկներին:

пятница, 11 мая 2012 г.

14-ամյա Արսենը դպրոց չի հաճախում

Ալավերդի քաղաքում համայնքային վերականգնողական կենտրոնը գործում է 2007 թվականի սեպտեմբերի 17-ից: Այս ընթացքում ոստիկանության անչափահասների բաժնի, համայնքային աշխատողների եւ ծնողների դիմումների հիման վրա մոտ 54 անչափահասների հետ համապատասխան աշխատանքներ են տարվել: Նրանք բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են եղել, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են անցանկալի իրավիճակներում:Այսօր էլ համայնքային կենտրոն է հաճախում 4 շահառու: 14 ամյա Արսեն Սարգսյանը բնակվում է Լոռու մարզի Շնող գյուղում: Արսենն այսօր սխալներն ուղղելու փորձեր է անում,սակայն վատն այն է,որ բացակայությունների արդյունքում տղան դուրս է մնացել դպրոցից:

Լոռու մարզի Աքորի գյուղում մնաց երեք վետերան

67 տարի առաջ Խորհրդային Միությունը փառահեղ հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Մայիսի 9-ը վետերանների համար ամեն տարի ոչ միայն մեծ հաղթանակի հերթական տարեդարձը տոնելու , այլ նաեւ առօրյա հոգսերից կտրվելու և անցյալի քաջագործությունների մասին հիշելու հնարավորություն է:Նրանց շարքերն օրեցօր նոսրանում են`ամբողջ հանրապետությունում: Աքորի համայնքից Մեծ հայրենականին մասնակցել է 365 մարդ,նրանցից 143-ը զոհվել են մարտի դաշտում: Գյուղում այսօր ողջ է 3 վետերան`Արամայիս Պետրոսյանը , Վախթանգ Օհանյանն ու Արտավազդ Պետրոսյանը:Վերջինս անկողնային հիվանդ է եւ այսօր չկարողացավ մասնակցել հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը:

Նախընտրական շտաբների հետընտրական զարգացումները

ՀԴԿ, ՀԿԿ եւ ՄՀԿ Ալավերդում շտաբներ չունեին: Հենց այդ երեք կուսակցությունները անցողիկ 5 տոկոս ձայներ չեն կարողացել հավաքել: Այսպիսով, ԲՀԿ-ն Ալավերդիում հավաքել է 1615, Ժառանգությունը` 375, ՀԱԿ-ը` 547, ՀՈյիդան 464, ՀԴԿ-ն 33, ՀԿԿ-ն 136, ՀՀԿ-ն 3948, ՄՀ-ը 18, ՕԵԿ-ը` 759 ձայն:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, Ալավերդու ընտրողներից 2177-ն իրենց ձայնը տվել են Սարգիս Թամազյանին, 5543-ը` Կարեն Սարիբեկյանին:
Ալավերդու բոլոր նախընտրական շտաբներում այսօր հետընտրական հոգնածություն էր տիրում: